06

Հոկ,

2022

ԶԱՀ-ի նախաձեռնությամբ շահառուներին աջակցելու մեկ միասնական հարթակ կստեղծվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ), համագործակցելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բազմաթիվ հիմնադրամների, ՀԿ-ների և կազմակերպությունների հետ, պետություն – հանրային/մասնավոր հատվածի փոխգործակցության ամրապնդման նպատակով նախաձեռնեց մեկ միասնական հարթակի ստեղծում։  

Այդ նպատակով սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին շուրջ մեկ տասնյակից ավելի կառույցներ, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ 

ԶԱՀ-ի այս նախաձեռնությունը նպատակ ունի մեկ միասնական հարթակի շուրջ հավաքել կազմակերպությունների, որոնց միավորում է ռազմական գործողություններին մասնակցած անձանց և նրանց ընտանիքի անդամների կարիքներին համապատասխան ծառայություններով ապահովելը։  

Միասնական հարթակի ստեղծման աշխատանքներում ներգրավված կառույցները շահառուներին կմատուցեն մի շարք ծառայություններ՝ սոցիալ-հոգեբանական, կրթության և ուսուցման կազմակերպում և անցկացում, կրթաթոշակների տրամադրում, բիզնեսի աջակցություն, զբաղվածության ապահովում, կարիերայի ուղղորդման և աշխատաշուկայում մրցունակության հմտությունների զարգացում: Այս հարթակը հնարավորություն կապահովի ներգրավված կառույցների և շահառուների համագործակցությունը դարձնել առավել համակարգված և արդյունավետ։ 

ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո կարիք կար աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար ստեղծել միասնական հարթակ, հնարավորություն տալ շահառու-ՀԿ կապի ամրապնդմանը։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորեց հարթակի դերը, մասնավորապես` պետություն – մասնավոր փոխհամագործակցության արդյունքում մատուցվող ծառայությունների համադրման և որակի ապահովման, շահառուների կարիքների նույնականացման և նպատակային աջակցության, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում: 

Հանդիպմանը ներկաները բարձրացրին հարթակին վերաբերող իրենց հուզող հարցերը, քննարկվեցին նաև միասնական հարթակի բովանդակային և տեխնիկական կառուցվածքին, անհրաժեշտ գործիքակազմին վերաբերող այլ մանրամասներ։ 

Հարթակի մշակման գործընթացին ներգրավված բոլոր կառույցները ընդգծեցին միասնական հարթակի կարևորությունը և համաձայնեցին անհապաղ մեկնարկել մշակման գործընթացը։