29

Ապր,

2022

Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրեն

Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրեն։ Կարինեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր Կարինեն զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։ 

Կարինեի ուղերձը. «Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։

Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԻՆԱՊԱՀԸ կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։

Միասին՝ զինվորիս կողքին...