13

Հնվ,

2022

2022թ․ հունվարի 1-ից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հոգում է իր ծախսերը սեփական միջոցների հաշվին

 

ԶԱՀ-ը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և վերջինիս անմիջական հովանու ներքո։ ՀՀ ԿԲ-ն իր վրա էր վերցրել ԶԱՀ-ը ստեղծելու և կայացնելու առաքելությունը 5 տարի ժամկետով, որից հետո նախատեսված էր, որ ԶԱՀ-ը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող անկախ կառույց։

Կայացման փուլում ՀՀ ԿԲ-ն նաև իր վրա էր վերցրել ԶԱՀ-ի աշխատանքների իրականցումը, և տարբեր վարչությունների աշխատակիցներ կամավորության սկզբունքով անձնուրացաբար, ի լրումն իրենց առօրյա աշխատանքի, հատուցման որոշումներ էին կայացնում, ներդնում ենթակառուցվածներ և իրականացնում դրամահավաք։ Տարեկան միջինում 45 դեպք էր սպասարկվում։

44-օրյա պատերազմը բեկումնային եկավ ԶԱՀ-ի պատմության մեջ։ Հիմնադրամի միջոցների և պարտավորությունների միջև մեծ անդունդ գոյացավ։ Ֆինանսական խնդիրներից զատ, այլևս հնարավոր չէր կամավորության սկզբունքով հազարավոր հատուցումներ կատարել։ Հաշվի առնելով այն ահռելի աշխատանքը, որ ծառացել էր հիմնադրամի առջև, կարիք առաջացավ ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը կկատարեր այդ բարդ և պատասխանատու աշխատանքը։

Այժմ մեր փոքրաթիվ թիմն ամենօրյա ամբողջահաստիք ծանրաբեռնված աշխատանքով կյանքի է կոչում մեր առաքելությունը՝ կանգնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող կամ զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինվորի կամ նրա ընտանիքի կողքին։

Դեռևս 2020թ․ դեկտեմբերի 29-ին Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխություն կատարվեց։ Ըստ այդ փոփոխության՝ 2022թ․ հունվարի 1-ից ԶԱՀ-ի ծախսերը ֆինանսավորվում են մեր միջոցների հաշվին՝ ԶԱՀ-ի հոգաբարձուների անկախ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում, որը չպետք է գերազանցի ԶԱՀ-ի նախորդ տարվա ակտիվների 2%-ը։