03

Հուլ,

2017

Հիմնադրամի Խորհրդի II նիստ

Այսօր տեղի ունեցավ Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամի խորհրդի II նիստը : Նիստի ընթացքում քննարկվեց ներքին աուդիտ իրականացնող մարմնի անդամ նշանակելու հարցը : Առաջարկվեց ՀՀ Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի գործառնական աուդիտի բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվեց խորհրդի անդամների կողմից : Հաստատվեց նաև Հիմնադրամի ներքին աուդիտի կանոնադրությունը :

Հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից ներկայացվեց Հիմնադրամի Նվիրաբերությունների Հայեցակարգը : Այժմ Հիմնադրամին հնարավոր է նվիրաբերություն կատարել Հիմնադրամի կայքի միջոցով, Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով, ինչպես նաև 1028 հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով : Քանի որ նախատեսվում է ընդլայնել նվիրաբերությունների հավաքագրման եղանակները, հայեցակարգով ներկայացված են նվիրաբերությունների հավաքագրման նոր եղանակներ, որոնք Հիմնադրամը աշխատելու է ներդնել ապագայում : Հիմնադրամի տնօրենը նշեց, որ Հայեցակարգն ունի ուղենիշային բնույթ և կարող է փոփոխվել Հիմնադրամի զարգացմանը համընթաց:

Սահմանվեց Հիմնադրամի Խորհրդի նիստերի ժամանակացույց, համաձայն որի հաջորդ երկու նիստերը տեղի կունենան համապատասխանաբար հոկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին :

Հիմնադրամի տնօրենը նաև ներկայացրեց Հիմնադրամի շահառուների համար պատրաստված գրքույկ, որը կտրամադրվի հատուցում ստացող հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին : Գրքույկը պարունակում է հատուցման գումարների ճիշտ կառավարման մասին խորհուրդներ, ինչպես նաև տեղեկատվություն ֆինանսական տարբեր գործիքների վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդի նիստը՝ տնօրենը ներկայացրեց Հիմնադրամի վերջին 3 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն : Հաշվետվության մեջ ներկայացվեցին առ այսօր Հիմնադրամի կողմից հավաքագրված գումարները, տրամադրված հատուցումները, ինչպես նաև կառավարումից ստացված եկամուտները : Հաշվետվության մեջ ներառված էին նաև Հիմնադրամի կատարելագործման համար իրականացված աշխատանքները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք դեռ կատարման փուլում են :